ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Ընտրություններից այն կողմ. ինչպե՞ս հաղթել «նիկոլապետությանը»

Ընտրություններից այն կողմ. ինչպե՞ս հաղթել «նիկոլապետությանը»
17.04.2026 | 10:00

Մինչ բոլորս սևեռված ենք նախընտրական գերհուզական «փոխհրաձգությունների» վրա (ինչը հասկանալի է, քանի որ աղմուկն անտեսելն անհնար է), մոտալուտ գոյաբանական սպառնալիքների վերաբերյալ հարցերը մնում են անպատասխան։

Իհարկե, ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը վստահ պնդում են, թե հենց իրենք են հաղթելու և բոլոր հարցերն արագ լուծելու, բայց բոլորս էլ գիտենք՝ վստահ պնդումը դեռևս երաշխիք չէ։ Նույնիսկ եթե որևէ ուժ կամ կոալիցիա հաղթի ՔՊ-ին և ԱԺ-ում ինչ-որ հրաշքով մեծամասնություն կազմի, միևնույն է՝ ՔՊ-ն մնալու է որպես երկրորդ ուժ։ Օգտվելով արտաքին անվերապահ աջակցությունից՝ նրանք ամեն կերպ խանգարելու են Հայաստանի վերականգնմանը՝ հրահրելով մշտական քաղաքական ճգնաժամեր։

Դժվար է հավատալ նաև, թե այդ սցենարի դեպքում որևէ քաղաքական ուժ ի վիճակի կլինի ձերբակալել և դատել նիկոլական հանցախմբին՝ պետության ու Սահմանադրության դեմ գործած հանցանքների համար։ Այսինքն՝ ՔՊ-ն փորձելու է շարունակել իր անպատիժ գործունեությունը։ Իրականում շատ ավելի հավանական է Նիկոլի վերարտադրվելն ու հայակործան ընթացքի շարունակությունը։

Ասածիցս հանկարծ չեզրակացնեք, թե պետք չէ մասնակցել ընտրություններին։ Հակառակը՝ պետք է գնալ, քվեարկել ու բոլորին համոզել, որ մասնակցեն, որովհետև դա ցանկացած դեպքում բարդացնում է վերարտադրման գործը։ Բայց, ինչպես սկզբում նշեցի, անելիքների մասին պետք է մտածել հենց հիմա՝ դուրս գալով նիկոլականների հրահրած «լաչառության» շրջանակից։

Պե՞տք է ի վերջո գա այն գիտակցումը, որ «մեկ հուժկու հարվածով Նիկոլին հաղթելու» պարադիգմը կենսունակ չէ։ Վաղուց ժամանակն է անցնել մշտական դիմադրության տրամաբանությանը։

«Վրթանեսյան, էս հիմա ո՞ւմ հետ էիր խոսում» սպասելի հարցին պատասխանեմ՝ բոլորիդ հետ։ Ամեն մեկս՝ մեր ձեռքի տակ եղած ռեսուրսների (ոչ միայն նյութական ու մարդկային, այլև գիտելիքի, հմտությունների, կապերի ու հեղինակության) չափով անելիք ունենք։ Դա մեր պարտականությունն է՝ գտնել անպատասխան հարցերի պատասխաններն ու գործել։ Նույնիսկ եթե մեզնից յուրաքանչյուրին թվա, թե տվյալ պահին միայնակ է, միևնույն է՝ անելիք կա։

Ի՞նչ կարող է անել շարքային քաղաքացին բռնապետությանն ու օկուպացիային արդյունավետ դիմադրելու համար։

Նախ՝ հարցն այն չէ, թե արդյոք դիմադրությունը հնարավոր է։ Պատմությունը լի է շատ ավելի ծանր ու ողբերգական պայմաններում հաջողված դիմադրության օրինակներով (նույնիսկ նացիստական համակենտրոնացման ճամբարներում են մարդիկ կազմակերպվել)։ Հարցն այն է՝ կկարողանա՞նք կառուցել դիմադրության այնպիսի արդյունավետ ենթակառուցվածք, որը թույլ կտա ցաքուցրիվ ու ապակողմնորոշված օղակները միավորել միասնական շարժման մեջ։ Շարժում, որն ունի հստակ տեսլական՝ կառուցելու ինքնիշխան (իր շահերը պաշտպանելու ունակ), ժողովրդավար (իր քաղաքացիների ազատությունները երաշխավորող) և անընդհատ զարգացող հայկական պետություն։

Հաջորդ հարցն այն է՝ կկարողանա՞նք մերժել ռեժիմի պարտադրած չարորակ նորմալացումը։ «Նիկոլապետության» հիմնական հենասյունն այն մարդիկ են, որոնք, անկախ իրենց վերաբերմունքից, այլընտրանք չեն տեսնում ստեղծված տոքսիկ իրականությանը և ակամա կրկնում են ռեժիմի քարոզչական կաղապարները։

Ընդհակառակը. ամեն անգամ, երբ դուք իրերն անվանում եք իրենց իսկական անուններով՝ հստակ, ճշգրիտ և առանց մեղմասացությունների, դուք արդեն դիմադրում եք բռնապետությանը։ Բռնապետությունն ու օկուպացիան նորմալացվում են լռության ու կեղծիքի միջոցով։ Սրան պետք է հակադրել կշռադատված ու ճշմարիտ պատումներ (նարատիվներ)։

Մեկ այլ կարևոր հարց է միջճամբարային պառակտմանը հակազդելը։ Պե՞տք է վերջապես հասկանալ, որ այս ծայրահեղ բևեռացված, «բոլորը բոլորի դեմ» պղտոր միջավայրի միակ շահառուները Նիկոլն ու Ալիևն են։

Անհատական դիմադրությունը կարևոր է, սակայն այն ռազմավարական մակարդակի բերելու համար անհրաժեշտ է տարբեր խմբերի, ցանցերի ու համայնքների համակարգում։ Միայն այդպիսի աշխատանքով է հնարավոր օկուպացիոն վարչակարգի ստեղծած հերթական «թրիգերը» վերածել ժողովրդական դժգոհության արդյունավետ ալիքի։

Եկեք քննարկենք այս հարցերը։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 178

Մեկնաբանություններ